Հրապարակային քաղաքականությունը միշտ սառցալեռան միայն տեսանելի մասն է: Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 14-ի երեկոյան Կրեմլում ընդունում էր պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին՝ Սիրիայի հարցով, միայն երեքով գիտեին՝ ինչ է հետևելու հանդիպմանը: Շոյգուն զեկուցեց ինչքան տարածք է ազատագրվել, ահաբեկիչների ինչքան ռազմական օբյեկտներ են ոչնչացվել, Լավրովը զեկուցեց Ժնևի բանակցությունների ընթացքի մասին ու հավարտ հանդիպման Պուտինն ասաց. «Համարում եմ, որ պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրը ընդհանուր առմամբ կատարված է։ Այդ պատճառով հրամայում եմ վաղվանից դուրս բերել մեր զինված ուժերի հիմնական մասը Սիրիայի Արաբական Հանրապետությունից»: Մարտի 15-ին իրեն հարգող որևէ լրատվամիջոց չկար, որ հեղինակային հոդվածներով ու լրատվությամբ չանդրադառնար Պուտինի հրամանին: Կեսը նորից հիանում էր, կեսը՝ մեղադրում, բոլորը փնտրում էին ենթատեքստը՝ ի՞նչ կա իրականում Պուտինի մտքին: Համարվում էր, որ Պուտինը թանկարժեք պատերազմը շարունակելու ֆինանսական ու նյութական ռեսուրսներ այլևս չունի, որ նա ինքն իր առաջ դրած խնդիրը լուծել է՝ ապահովել է Ասադի համար իշխանության որոշակի մակարդակ, Սիրիայում ռուսական ներկայությունը, ու այս փուլում այլևս խնդիր չունի լուծելու: Շատերն այն կարծիքին էին, որ Պուտինը իրականում Սիրիայից չի հեռանում, պարզապես հայտարարում է: Նախօրեին նա հեռախոսել էր Բարաք Օբամայի հետ, բայց ԱՄՆ-ի թերթերը ևս անակնկալի եկան: Նրանք այդպես էլ չէին կողմնորոշվում՝ Պուտինը զգուշացավ Օբամայի ասածի՞ց, որ Ռուսաստանը խրվում է Սիրիայի ճահիճը, թե՞ փառաբանեն իրենց հզորությունը, որ իրենք մնում են, Ռուսաստանը հեռանում: Հայտարարեն, որ Պուտինը լքե՞ց Ասադին ու ճակատագրի քմահաճույքին հանձնեց նրա անձնական իշխանության հարցը: Ասեն, որ Պուտինն ինքը հոգնե՞լ է համառ Ասադից, որ չի ուզում Ժնևում բանակցել, թե՞ կա ինչ-որ ավելի անսպասելի քայլ, որ հաջորդելու է զորքերի անսպասելի դուրսբերմանը: BBC-ն գրում էր. ՛՛Սա ցույց է տալիս, թե որքան է Ռուսաստանի նախագահը հմտացել էֆեկտիվ դիվանագիտական ժեստեր անելու արվեստում»: Փաստորեն ՌԴ նախագահը իսկապես փայլուն դիվանագիտական ժեստ արեց՝ զորքերը Ժնևի բանակցություններից առաջ դուրս բերելով Սիրիայից, հիմա այլևս ոչ ոք չի կարող մեղադրել Կրեմլին, որ աշխարհին հարկադրում է բանակցել, երբ կրակում է ռուսական զենքը: Ի վերջո, Սիրիայում հայտարարված է զինադադար և գուցե իսկապես ռուսական օդուժի հարվածները վճռական խոսքն ասել-ավարտել են: Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունեց ՌԴ նախագահի որոշումը: Հիմա պիտի ասպարեզ գա ռուսական դիվանագիտությունը: Արևմտյան մամուլը ամբողջ ամիսը հեղեղված էր Սիրիայի մասնատման տարբերակներով, որոնց պատասխանեց վարչապետը՝ հայտարարելով, որ Դամասկոսի իշխանությունը դեմ է Սիրիայի բաժանմանը: Իհարկե, Ռուսաստանն ամբողջությամբ զորքերը դուրս չի բերի, ծովային ռազմաբազան Տարտուսում և ավիաբազան Հմեյմիմ օդանավակայանում կպահպանվեն: Բացի այդ՝ Կրեմլը հայտարարել է զինադադարը Սիրիայում վերահսկելու մտադրության մասին, իսկ առանց զինուժի վերահսկելը ֆիկցիա է: Հանձնու՞մ է Պուտինը Ասադին: Այս հարցը ևս տարբեր պատասխաններ ունի: Ի վերջո, Ասադի ճակատագիրը չէ Սիրիայի կոնֆլիկտի կենտրոնական հարցը, նա ինքը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ իշխանությունից, երբ ահաբեկիչները դուրս գան սիրիական հողից, երբ երկրում վեականգնվի խաղաղաություն, երբ ինքը լինի գլխավոր խոչընդոտը, և այլն, և այլն: Ո՞ր տարբերակն է՝ հայտնի չէ: Պարզ է, որ Ասադը ինքնակամ չի հեռանա: Եվ դա խոսում է ոչ միայն նրա իշխանատենչության մասին, այլև բարձր պատասխանատվության՝ երկրի ու ժողովրդի առաջ: Այլ հարց է, թե իր պատասխանատվությունը նա ինչպես է պատրաստվում կյանքի կոչել: Արևմուտքը և ընդդիմության որոշակի հատված պահանջում են, որ անցումային փուլում Բաշար Ասադն այլևս չլինի, բայց դա գրեթե անհնար է ռուսական միջամտությունից հետո: Հարցերի հարցը՝ կմասնատվի՞ Սիրիան, թե՞ կպահպանվի: Այդ հարցի պատասխաններն այնքան հակասական են ոչ միայն բուն Սիրիայում, այլև Սիրիայի սահմաններից դուրս, որ Ժնևում կարող են մի քանի ամիս բանակցել, եթե չընդունվի կտրուկ որոշում: Թուրքիան Օսմայնան կայսրության վերականգնում է ուզում Սիրիայի հաշվին ու բացառում է քրդերի ինքնավարությունը, Սաուդյան Արաբիան իր մասնաբաժինն է ուզում, Իրանը կողմ է Սիրիայի ամբողջականության պահպանման, Իսրայելը ուզում է առավելագույն անվտանգ հարևան, Լիբանանը իր տեսակետն ունի, Եգիպտոսն՝ իր ակնկալիքները: Հավելեք ԻՊ-ը, որ դեռ տիրապետում է Սիրիայի մեծ հատվածի: Ի՞նչ կորոշեն ԱՄՆ-ը և ՌԴ-ն: Գուցե ռուսական ռազմական միջամտության ամբողջ իմաստը հենց դա էր, որ վերջում հարցի պատասխանը տան Վաշինգտոնն ու Մոսկվա՞ն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սիրիայի հարցով: